Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի ավելի քան մեկուկես ամիս շարունակվող արգելափակման ֆոնին՝ Բաքուն այսօր Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը ՄԱԿ-ի դատարանում իր ելույթում պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։
«Ադրբեջանը նոր ապացույցներ ունի, որ Հայաստանը շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքներ։ Ադրբեջանում 2021 թվականին հայկական արտադրության ավելի քան 2700 ական է հայտնաբերվել։ Այդ ականների կեսից ավելին հայտնաբերվել է քաղաքացիական տարածքներում։ Տներում պայթուցիկ թակարդներ են հայտնաբերվել, որոնց նպատակը սպանել կամ խեղել տուն վերադառնալ ցանկացող ադրբեջացիներին», - հայտարարել է նա։
Ադրբեջանի ներկայացուցչի խոքով՝ Հայաստանը այսպիսով խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ ականների և այլ տեսակի սպառազինության փոխադրման համար օգտագործվում է Լաչինի ճանապարհը, որը նախատեսված է բացառապես հումանիտար նպատակներով։
Ավելի վաղ «Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե նոր արտադրության ականները ադրբեջանցիները հայտնաբերել են ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ 2021 և 2022 թվականներին իրենց կողմից օկուպացրած Հայաստանի տարածքներում։
«Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ, և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին»,- ասել էր Արարատ Միրզոյանը։
Ականների հարցը Բաքվի հետպատերազմյան օրակարգի գլխավոր թեմաներից է։ Մինչդեռ Երևանն, իր հերթին, հերքում է մեղադրանքները, հայտարարում, որ ականների թեման Բաքուն օգտագործում է «քարոզչական նպատակներով»։
Մամեդովն այսօր հայկական կողմին մեղադրեց ականների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ՝ պնդելով, թե իրենց դեմ պատերազմը շարունակվում է: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով 292 ադրբեջանցի է զոհվել կամ վիրավորվել։
«Ադրբեջանցիները շարունակում են լրջորեն վնասվել և մահանալ, որովհետև Հայաստանը չի ցանկանում կիսել այն տեղեկությոնը, որը կարող էր նրանց փրկել», - նշեց նա։
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու Հայաստանի կոչերին զուգահեռ Բաքուն հայկական կողմից պահանջում է ականապատման քարտեզներ, թեև Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ առկա բոլոր քարտեզները փոխանցվել են։
Հայկական կողմը երեկոյան միայն հնարավորություն կունենա հակափաստարկներ ներկայացնել։ Երեկ Հաագայի դատարանում միջազգային դատավորները լսել են հայկական կողմի բողոքն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։
azatutyun.am