Արտաշատ և Թալին համայնքների ղեկավարները դատական հայցել են ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի։ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Սամվելի Յոլյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները ու ներողություն խնդրել, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում։
Տավրոս Սափեյանն էլ խնդրում
է դատարանին պարտավորեցնել Իրինա Յոլյանին
դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի
ամբիոնից հրապարակայնորեն հերքել իր կողմից 29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից
կատարված հայտարարությամբ զրպարտություն համարվող և Տավրոս Սափեյանին վերաբերող փաստացի
տվյալները՝ հետևյալ բովանդակությամբ․ «29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ
ունենալու ընթացքում Իրինա Յոլյանիս կողմից կատարված արտահայտություններն առ այն, որ
«ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ
եւ մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման
աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված
են պետական բյուջեն մսխելով» չեն համապատասխանում իրականությանը։ Սափեյանը պահանջում է նաեւ
պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել
3 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն էլ, նշենք, իր ֆեյսբուքյան էջում
տեղեկացրել էր, որ դիմելու է դատարան։ «Նման ընդհանրացված և ծանր մեղադրանքները չեն կարող
հնչել որպես անհերքելի փաստ՝ առանց կոնկրետ փաստերի և ապացույցների ներկայացման։ Հանրային
հարթակից հնչող յուրաքանչյուր հայտարարություն պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ
ոչ թե արատի մարդկանց մասնագիտական և հանրային համբավը։ Իմ բարի համբավն ու հեղինակությունը
պաշտպանելու նպատակով դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքել իմ հասցեին վերագրվող
անհիմն մեղադրանքները և փոխհատուցել պատճառված վնասը՝ օրենքով սահմանված կարգով»,-գրել
էր Մեխակյանը։ «Դատալեքս» հարթակում, նկատենք, առայժմ հրապարակված չէ Արգիշտի Մեխակյանի
կողմից ներկայացված հայցադիմում։
Նշենք, որ ՈՒՀԿ-ական պատգամավորի հայտարարությունից
հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրապարակավ կոչ արեց բոլոր ՔՊ-ական համայնքապետերին դիմել
դատարան։ «Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, փորձելով արդարացնել
ԱԺ-ում իրենց այսօրվա խայտառակ պահվածքը, իշխանությանը մեղադրել է համակարգային կոռուպցիայի
մեջ։ Մասնավորապես, տիկինը նշել է, որ «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են
ընկերություններ եւ մսխում են պետական բյուջեն` անորակ ասֆալտապատման
աշխատանքներով»։ Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան
եւ պահանջել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները`
պահանջելով առավելագույն փոխհատուցում։ Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»,-մասնավորապես
նշել էր նախարարը։