Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հնարավոր բանակցությունների համար, փոխանցում է Hürriyet-ը։
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը լրագրողներին ներկայացրել է Կրեմլի 6 պայմանները, որոնց դեպքում Պուտինը կհամաձայնի խոսել Զելենսկիի հետ։
Ռուսաստանի 6 պայմանները՝ ստորև․
- Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, այսինքն՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց
- Ապառազմականացում և փոխադարձ անվտանգության երաշխիքներ
- «Դենացիֆիկացում»
- Ուկրաինայում ռուսերենի օգտագործման խոչընդոտների վերացում
- «Ղրիմի բռնակցման ճանաչում»
- Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախության ճանաչում։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի թղթակցին ասել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, բայց ասում է, որ եթե բանակցությունները ձախողվեն, «դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»։