ՌԴ-ն օգտագործում է «3+3» ձևաչափը, որպեսզի սահմանափակի Արևմուտքի մասնակցությունը տարածաշրջանային կարգավորման հարցերում. «Եվրանեսթ» ԽՎ-ում Վրաստանի ներկայացուցիչ
«Տարածաշրջանի կարգավորման բանալին խաղաղությունն ու կայունությունն են: Վրաստանը պատրաստ է շարունակել քայլեր կատարել տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ: Այստեղ խոսվեց «3+3» ձևաչափից: Թույլ տվեք կարճ ներկայացնել Վրաստանի դիրքորոշումը այդ ֆորմատի հարցում»,- ասաց Վրաստանի ներկայացուցիչ Մակա Բոչորիշվիլին «Եվրանեսթ» ԽՎ նիստի ժամանակ: 

«Վրաստանը չի մասնակցում այդ բանակցություններին, հետևաբար կոռեկտ կլիներ այդ ֆորմատն անվանել «3+2»: Հենց սկզբից էլ Վրաստանի դիրքորոշումը պարզ էր՝ ի սկզբանե Վրաստանը հայտարարեց, որ պատրաստ չէ մասնակցելու այդ նախաձեռնությանը: Դա կապված է այն բանի հետ, որ Վրաստանի տարածքի մի մասն օկուպացված է, և ՌԴ-ն բռնակցման քայլեր է ձեռնարկում,  խախտում մարդկանց իրավունքները, և դա տեղի է ունենում հենց Վրաստանի տարածքում: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում է այս ձևաչափը, որպեսզի սահմանափակի Արևմուտքի մասնակցությունը տարածաշրջանային կարգավորման հարցերում: Եվ սա հակասում է Վրաստանի դիրքորոշմանը»,- մեկնաբանեց Մակա Բոչորիշվիլին: