«Գազլայթինգ» կամ՝ ի՞նչ է թաքցնում կեղտոտ ձեռքը կեղտոտ գրպանում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, հիրավի, ուժեղ մի հատկությամբ է մինչև հիմա փայլել՝ միմյանց հետ կապել իրար հետ կապ չունեցող բաներն ու դրանց քաղաքական աստառ տալ, դիտարկել քաղաքական հետապնդման համատեքստում։   Օրինակ, վերջին՝ ՀԷՑ-ի 64,5 միլիարդ դրամի չարաշահման հետ կապված՝ բազմադրվագ քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ իրականացնելն ու Սամվել Կարապետյանին կալանավորելը «ուժեղները» համարում են ճնշում, պարտադրանք, որով իշխանությունն իբրև թե փորձում է ստիպել կողմ քվեարկել նոր Սահմանադրությանը։ Փաստաթուղթ, որը հավաքական օպոզիցիան մկրտել է «ալիևյան» տերմինով։ Ստացվում է՝ Կարապետյան ընտանիքին պատկանող ՀԷՑ-ը մաքուր է աշխատել, ոչ մի լումայի չարաշահում չի արել, հափշտակություն չի կատարել, փող չի «լվացել», մի խոսքով՝ հանցավոր սխեմա չի կիրառել,  իսկ ահա իշխանությունը չարանենգորեն, քաղաքական հեռահար նպատակներով  «կեղտ» է ման եկել  մաս-մաքուր աշխատած ընկերությունում, դավադրաբար  գտել է այդ «կեղտը», ու, փաստորեն,  այն այժմ օգտագործում է որպես մահակ, «մաքուրներին» ճնշելու, կակղեցնելու, թուլացնելու ու իր օրակարգով շարժվել տալու համար՝ կողմ քվեարկել նոր Սահմանադրությանը։ Հանրությանը ծառայություններ մատուցած մաքրամաքուր, բարեխիղճ  տնտեսվարողից, մաքրամաքուր քաղաքական ուժի հիմնադիրներից, փաստորեն, Կարապետյան ընտանիքը հանիրավի ձեռք է բերել անմաքուրի, կեղտոտ աշխատողի, եթե ուզեք՝ «դաղալի» համբավ։ Այս հնարքը քաղաքականության մեջ կոչվում է «գազլայթինգ», որը հոգեբանական մանիպուլյացիայի և դեզինֆորմացիայի համակարգված ձև է։ Հնարքի միջոցով տվյալ սուբյեկտը ստիպում է հանրությանը կասկածել իր սեփական տեսածին, լսածին և օբյեկտիվ իրականությանը, ամբողջությամբ խեղաթյուրել ճշմարտությունը, հանրության շրջանում առաջացնել ապակողմնորոշում։  Հիմա, իրավապահները, մասնավորապես  ՔԿ-ն, ՊԵԿ-ը բացահայտել են տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից կատարված չարաշահումները, և ընկերության տերերը, որոնք նաև քաղաքականությամբ են զբաղվում, բացահայտումը վերագրում են իրենց քաղաքական գործունեությանը։ Այս պնդումը, նկատենք, հերքվում է, քանի որ քրեական վարույթը հարուցվել է 2026 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Աշոտ Ժամկոչյանը Հ1-ի եթերում։ Այսինքն, դեռ 10 ամիս առաջ հարուցված վարույթը, որով իրականացվել են բազմադրվագ ուսումնասիրություններ, ծավալուն քննություն,  իսկ ահա «ուժեղները», զոռ տալով իրենց ուժեղ տրամաբանությանը, որոշել են պրոցեսը կապել  ոչ դես, ոչ դեն՝ «ալիևյան սահմանադրության» հետ։

 

Սամվել Կարապետյանի և նրա թիմակիցների մոտ, ակնհայտորեն, խափանվել է իրերի և երևույթների  պատճառահետևանքային կապն ընկալող համապատասխան կենտրոնը։ Իրականում, սակայն, չի էլ խափանվել։ Տնտեսական գործունեության անմաքուր վարքագիծ ունեցող սուբյեկտը պարզապես ինքնամաքրման փորձ է անում՝ օգտագործելով  քաղաքականությունը։ Ինչպես փողերի լվացման դեպքում է կիրառվում համապատասխան մեխանիզմը, այնպես էլ քաղաքականության մեջ՝ ի տես Սամվել Կարապետյանի ու նրա թիմի վարքագծի։

 

 Դառնանք ՔԿ պաշտոնյայի բացահայտումներին։ Ըստ Ժամկոչյանի․ «ՀԷՑ ՓԲԸ-ն, ՀՀ-ում գործող տարբեր բանկերից վարկեր է ստացել և դրանք չի օգտագործել բնականոն գործունեության նպատակով, այլ՝ ուրիշ նպատակներով։ Այդ գումարներից ավելի քան  6 միլիարդը փոխանցվել է ընկերությանը փոխկապակցված այլ երկու ընկերությունների։ Մի դեպքում անտոկոս փոխառություն է եղել, մյուս դեպքում՝ ձևական 1 տոկոս փոխառություն»։  Երկրորդ դեպքում վերցված վարկից հանվել է շուրջ 23 մլրդ շահաբաժին ու տրամադրվել է ՀԷՑ-ի բաժնետեր ընկերություններին, այնուհետ փոխանցվել է ընկերության սեփականատիրոջն ու նրան փոխկապակցված անձանց։ Երրորդ դեպքում վերցվել են վարկեր, և շուրջ 109 մլրդ դրամի կանխավճարներ են տրվել, այդ թվում ՀԷՑ-ի հետ փոխկապակցված ընկերություններին, և արդյունքում ՀԷՑ-ը ծանրաբեռնվել է շուրջ 4,5 մլրդ դրամի չափով՝ վարկերի սպասարկման գումարներով։ «Այսինքն, այդ վարկերը վերցվել են ՀԷՑ-ի կարիքների համար, սակայն չեն օգտագործվել, սակայն ՓԲԸ-ն վճարել է այդ վարկերի տոկոսագումարները»,-նշե է ՔԿ պաշտոնյան։


Ինչպես ասում են՝ ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։


Հ․Մանուկյան