Կիպրոսի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանի և ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսի ուղեկցությամբ։Այս մասին տեղեկացնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից։
Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Աթենա Միխայիլիդուն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները։
Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Վերջում ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և տիկին Աթենա Միխայիլիդուին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր։