Հայաստանն ու Ադրբեջանն արդեն դե ֆակտո խաղաղության պայմաններում են ապրում․ Ամիրբեկով

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ապրում են դե ֆակտո խաղաղության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Brussels Times-ը։


Ամիրբեկովը Բրյուսել է մեկնել՝ բելգիացի գործընկերների, ինչպես նաև Եվրամիության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով։


Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը հիմք է դրել խաղաղության ամրապնդման կայուն գործընթացի համար։ Ամիրբեկովը նշել է, որ ստեղծված իրավիճակը լիարժեք և երկարաժամկետ խաղաղության վերածելը Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է, և այդ նպատակը կիսում է նաև Հայաստանը։


Ադրբեջանցի պաշտոնյան ներկայացրել է նաև խաղաղության գործընթացի շրջանակում ձեռնարկված մի շարք քայլեր։ Նրա խոսքով՝ 2025 թվականի վերջին մեկնարկել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շարունակվում է սահմանազատման գործընթացը, իսկ երկու երկրների կառավարությունները կանոնավոր կապեր են պահպանում տարբեր մակարդակներում։ Գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։


Որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության օրինակ՝ Ամիրբեկովը նշել է ադրբեջանական դիզելային վառելիքի արտահանումը Հայաստան։


«Մեկ տարի առաջ սա կարող էր գիտական ֆանտաստիկա թվալ, սակայն այսօր դա իրականություն է»,- ասել է նա։


Ամիրբեկովի գնահատմամբ՝ երկարաժամկետ խաղաղությունը փոխշահավետ կլինի բոլոր կողմերի համար։ Նրա խոսքով՝ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև ամբողջ տարածաշրջանը և նրանց միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունն ու դրա անդամ պետությունները։