Ռեփեր Navai-ի դեմ քրեական գործը Ղազախստանում կարճվել է․ նա վտարվել է երկրից

Ռուսաստանցի ռեփեր Navai-ի՝ Նավայի (իսկական ազգանունը՝ Բաքիրով) նկատմամբ Ղազախստանում հարուցված քրեական գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով։ Արտիստը վտարվել է երկրից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ժամբիլի մարզի ոստիկանության դեպարտամենտից։


«Ի պատասխան ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ ռուսաստանցի ռեփ կատարողի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով՝ հաշվի առնելով, որ նա իրավախախտումը կատարել է առաջին անգամ և գործուն զղջում է հայտնել։ Որոշումն ընդունվել է քրեական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան», -նշել են ոստիկանության դեպարտամենտում։


Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օտարերկրյա քաղաքացին վտարվել է Ղազախստանի տարածքից։


Բաքիրովը ձերբակալվել էր հոկտեմբերի 13-ին՝ Ղրղզստանից Ղազախստան մուտք գործելուց հետո։ Ժամբիլի մարզի ոստիկանության տվյալներով՝ նրա ավտոմեքենայում թմրամիջոցներ էին հայտնաբերվել։ Դեպքի առթիվ քննություն էր իրականացվում թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի պահման հոդվածներով։


Հոկտեմբերի 15-ին ոստիկանության դեպարտամենտից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ դատարանը որոշում է կայացրել ռուսաստանցուն կալանավորելու մասին։