Իրանը ականապատել է Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը ոչնչացրել է ականներ տեղադրող 16 իրանական նավ

Մարտի 10-ին ամերիկացի զինվորականները ոչնչացրել են մի քանի իրանական ռազմածովային նավեր, այդ թվում՝ 16 ականադիր նավ Հորմուզի նեղուցի մոտ: Այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության մեջ։


Զինվորականները լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրել։


CNN-ի և CBS News-ի տեղեկություններով՝ ԱՄՆ հետախուզությունը հայտնաբերել է նշաններ, որ Իրանի զինվորականները սկսել են ականապատել Հորմուզի նեղուցը։ CBS News-ը հաղորդել է, որ Իրանն օգտագործում է փոքր նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել երկու-երեք ական։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, հայտարարել է, որ եթե իրանցի զինվորականները իսկապես ականապատում են նեղուցը, ապա ականները պետք է անհապաղ հեռացվեն։ Հակառակ դեպքում «հետևանքները Իրանի համար աննախադեպ կլինեն»։