Իտալիայի իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով որոշում են ընդունել ժամանակավորապես փակել Իրանում իրենց դեսպանատունը։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
Նրա խոսքով՝ Թեհրանում գտնվող Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչության շուրջ 50 աշխատակից, դեսպանի գլխավորությամբ, արդեն լքել են Իրանը և հատել Ադրբեջանի հետ սահմանը։ Դեսպանատան գործունեությունը ժամանակավորապես կշարունակվի Բաքվից։
Տայանին ընդգծել է, որ դեսպանատան փակումը ժամանակավոր բնույթ է կրում և պայմանավորված է բացառապես անվտանգության նկատառումներով։ Նրա խոսքով՝ այդ քայլը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում Իրանի հետ, և Իտալիայի կառավարությունը շարունակում է ձգտել երկխոսության Թեհրանի հետ։
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել էր, որ Իտալիան պատրաստվում է հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Պարսից ծոցի այն պետություններին, որոնք ներկայումս ենթարկվում են Իրանի կողմից հնարավոր հարձակումների սպառնալիքին։