Հայկական պատվիրակությունը Իրանում է․ այց Չաբահար նավահանգիստ

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ:


Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները:


Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, այդ թվում նաև միջազգային հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականություն։


«Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Չաբահար նավահանգստի դերն ու նշանակությունը: Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել նավահանգստում, ծանոթացել առկա հնարավորություններին և առևտրային հեռանկարներին:


Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ից ԻԻՀ ժամանած մասնավոր ներդրողներ, որոնք իրենց հարցերն են ուղղել իրանական կողմին, ծանոթացել գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։