ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումը սպառնալիք է ՌԴ ռազմական անվտանգության համար. Գերասիմով
ՆԱՏՕ-ի ընդլայնվելու ձգտումը, ինչպես նաև Ուկրաինայի օգտագործումը հիբրիդային պատերազմ վարելու նպատակով սպառնալիքներ են Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Նա հիշեցրել է, որ զինված ուժերի կառուցման և զարգացման պլանը նախատեսում է գործնական միջոցառումներ՝ իրականացնելու դրանց զարգացման հեռանկարային ուղղությունները՝ պետության պաշտպանությունը ապահովելու համար։ «Պլանը հաստատվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից և կարող է շտկվել Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգությանը առկա սպառնալիքների փոփոխության և նոր սպառնալիքների առաջացման դեպքում: Այսօր նման սպառնալիքներ են դարձել  Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին ընդլայնվելու ձգտումը , ինչպես նաև Ուկրաինայի օգտագործումը որպես մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմ վարելու գործիք»,- ասել է Գերասիմովը aif.ru-ին տված հարցազրույցում։ 

Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ այդ սպառնալիքները չեզոքացնելու համար երկրի բարձրագույն ղեկավարությունը խնդիր է դրել շտկել ՌԴ ԶՈՒ կառուցման և զարգացման պլանը։ «Դրա պարամետրերը հավանության են արժանացել գերագույն գլխավոր հրամանատարի կողմից պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում»,- ընդգծել է նա։