«Այս պահին իրավիճակը Խարկով քաղաքում համեմատաբար կայուն է, եթե հաշվի չառնենք հունվարի 14-ի վերջին ռմբակոծությունը, երբ կրկին թիրախավորվեց էլեկտրաէներգիայի համակարգը, այսինքն՝ Խարկովի մի շարք շրջաններ կրկին զրկվեցին էլեկտրաէներգիայից: Այս պահի դրությամբ հիմնականում վերականգնողական աշխատանքների միջոցով հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարումը, սակայն մինչ այսօր էլ քաղաքում լինում են հովհարային անջատումներ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար, Ուկրաինայի «Մշակութային կապերի հայկական միություն» ՀԿ փոխնախագահ Համլետ Հովհաննսիյանը։
Վերջինս նշեց, որ նրանք, ովքեր նպատակ ունեին տարհանվելու կամ լքելու երկիրը և հատկապես հայերը, որոնք ունեին Հայաստանի քաղաքացիություն և լքելու ցանկություն, արդեն վաղուց լքել են, և հիմնականում մնացել են մեր այն հայրենակիցները, որոնք ունեն Ուկրաինայի քաղաքացիություն և, իհարկե, ըստ Ուկրաինայի զինապարտության մասին օրենքի՝ պատերազմական իրավիճակում իրավունք չունեն լքելու երկիրը։
«Հարկ է նշել նաև, որ որոշներն էլ երկիրը լքելուց հետո կրկին վերադարձել են Ուկրաինա՝ իրենց տներ, երբ Խարկովում և այլ քաղաքներում իրավիճակը համեմատաբար կայունացել է։ Դնեպրի այս վերջին ցավալի իրադարձությունից հետո, փառք Աստծու, տուժածների և զոհերի մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասաց Համլետ Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը նույնն է, շատ քաղաքներում կան հովհարային անջատումներ, քանի որ թիրախավորվում էին հիմնականում կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք ապահովում էին բնակչության էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջեռուցումը։
«Կուզեմ նշել, որ Ուկրաինայի բնակիչները, որոնք մինչ այսօր մնացել են Ուկրաինայում, արդեն համակերպվել են այս պայմաններին, այսպիսի կյանքին և շատ լավ են պատկերացնում, որ այս պատերազմը կարող է դեռևս երկար տևել։ Իսկ Խարկովում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը և հյուպատոսության աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնում են անվտանգ վայրից»,- եզրափակեց Համլետ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում գնդակոծվել էր 9 հարկանի շենք, ինչից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա: Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ:
Լիլիթ Թադևոսյան