Ռուսաստանը տրամադրված չէ կառուցողական երկխոսության, և ԱՄՆ-ը Ուկրաինային կօգնի այնքան, որքան կպահանջվի. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտը սուր քննադատության է ենթարկել Կրեմլին՝ Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններից հրաժարվելու համար, և խոստացել է Կիևին տրամադրել պաշտպանական պոտենցիալ «այնքան, որքան կպահանջվի»:

«Երևում է, որ յուրաքանչյուր հնարավորության դեպքում ռուսները Ուկրաինայի կոչին պատասխանում են ավելի մեծ էսկալացիայով և հստակ խոստովանությամբ առ այն, որ Ռուսաստանը տրամադրված չէ կառուցողական երկխոսության»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ 

Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չի կարող լինել, եթե Կիևը օկուպացված տարածքները չճանաչի որպես ռուսական։

«Արդարացի խաղաղության մասին Կիևի տեսլականը չի արժանացել Մոսկվայի պատասխանին: Պատասխանը եղել են ուկրաինական քաղաքների ռմբակոծություններն ու հրթիռակոծությունները և հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների»,- ասել է նա: 

Միացյալ Նահանգները և դաշնակիցները Ուկրաինային կտրամադրեն անհրաժեշտ օգնություն անվտանգության ոլորտում, տնտեսական օգնություն՝ ներառյալ ենթակառուցվածքային, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը կարողանա դիմակայել ցուրտ ձմռանը:

 Փրայսի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ հայտնեցին Ուկրաինա Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր ուղարկելու Վաշինգտոնի ծրագրերի մասին:

 Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պետք է հավանության արժանացնի այդ ծրագիրը, իսկ նախագահ Բայդենը՝ հաստատի որոշումը։ Եթե Պենտագոնի ծրագիրն իրականանա, ապա Patriot-ը կլինի Ուկրաինա ուղարկված ամենաարդյունավետ ՀՕՊ համակարգը գործողության հեռահար շառավղով։