ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Patriot ԶՀՀ. AP
ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Patriot զենիթահրթիռային համալիրի մեկ մարտկոց, որը ներառում է մինչև ութ արձակման կայան, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել չորս հրթիռ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին։

Որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի այս շաբաթ, այդ մասին կարող են հայտարարել հինգշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, ասում են AP-ի երեք աղբյուրներ: Նրանցից երկուսի խոսքով՝ Patriot-ը կտրամադրվի Պենտագոնի պաշարներից և կտեղափոխվի այլ երկրից։

Համակարգը ներառում է նաև ռադար, կառավարման կայան, համակարգիչներ, գեներատորներ, նշում է գործակալությունը։ Համակարգը շահագործելու և սպասարկելու համար սովորաբար պահանջվում է մոտ 90 մարդ, սակայն դրա փաստացի գործարկումը կարող են իրականացնել երեք զինվորականներ:

CNN հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Պենտագոնի ծրագիրը դեռևս պետք է հավանության արժանանա պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից, մինչ  այն կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրելու: Ինչպես CNN-ին հայտնել են երեք պաշտոնյաներ, սպասվում է, որ այն հավանության կարժանանա: