Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) որոշումը, որը կոչ է անում Թեհրանին համագործակցել չհայտարարված երեք օբյեկտներում ուրանի հետքեր հայտնաբերելու հետաքննության շրջանակներում, և այն անվանել է «անտրամաբանական և ապակառուցողական» միջոց, հաղորդում է Press TV-ն։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքով՝ Թեհրանը արևմտյան երկրներին զգուշացրել է նման քայլի հետևանքների մասին։
«Բանաձևը հավանության են արժանացրել՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանը անցկացնում է աշխարհի ամենաթափանցիկ խաղաղ միջուկային ծրագիրը՝ համեմատած այլ երկրների հետ, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի դիտարկման ներքո»,- ասել է նա։
Քանանին հավելել է, որ բանաձևը առաջ են քաշել ԱՄՆ-ն ու եվրոպական երեք երկրներ՝ «Իրանի վրա ճնշումը մեծացնելու համար»։
«Բայց Իրանը կշարունակի իրականացնել իր խաղաղ միջուկային ծրագիրը՝ իր կարիքներին համաչափ և միջազգային պայմանագրերի շրջանակներում իր իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։