Բլինքենն Ալիևին կոչ է արել բացառել սադրանքներն ու պահպանել հրադադարի ռեժիմը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցությունները։ Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմն ու բացառել սադրանքները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարը և բացառել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հիմք ստեղծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին ծրագրել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում:

Հիշեցնենք, որ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Թարգմանությունը՝ factor.am