Երևանում կայացել է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» («GOALS Armenia») կրթական հիմնադրամի կազմակերպած GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը՝ «Ավելին, քան խաղ» («More Than a Game») խորագրով։ Հիմնադրամի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառումը համախմբել է Հայաստանի ավելի քան 20 քաղաքային և գյուղական համայնքների 11–15 տարեկան շուրջ 250 աղջիկների, ինչպես նաև պետական և միջազգային մարզական կառույցների, գործարար ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչների։
Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կանանց ֆուտբոլի զարգացման համակարգող Ալիսսա Լագոնիան, «GOALS Armenia»-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանը և այլք։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին, կարևորել է աղջիկների՝ սպորտում ներգրավվածության ընդլայնումն ու հավասար հնարավորությունների ապահովումը։ Նախարարն անդրադարձել է հասարակության մեջ դեռևս առկա կարծրատիպերին՝ ընդգծելով, որ աղջիկների նախասիրությունների զարգացման հարցում սպորտը հաճախ չի դիտարկվում որպես առաջնային ընտրություն, մինչդեռ այն պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։
«Սպորտով զբաղվելու ընտրությունը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը։ Սպորտը նաև համայնքային և անձնային զարգացում է՝ բերելով այնպիսի փոփոխություններ, որոնք դառնում են հանրային վարքագծի և մշակույթի կարևորագույն փոփոխությունների հիմքը»,- ընդգծել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կազմակերպության կարևորագույն ձեռքբերումներից մեկը յուրաքանչյուր աղջկա կյանքում տեղի ունեցող փոփոխությունն է՝ սեփական ներուժի բացահայտումը, սոցիալական և հուզական կարողությունների զարգացումն ու ինքնավստահության ամրապնդումը։
«Երազանքների պատին գրված ձեր երազանքները պետք է դառնան նպատակներ և դրանք հասանելի կդառնան, երբ պարզապես սկսեք հավատալ ձեր ուժերին»,- դիմելով աղջիկներին՝ նշել է նախարարը և վերահաստատել պետության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը աղջիկների զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններին։
ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի զարգացման համակարգող Ալիսսա Լագոնիան անդրադարձել է իր մարզական փորձառությանը՝ նշելով, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլը նպաստել է ինքնավստահության ամրապնդմանն ու կյանքի կարևոր հմտությունների ձևավորմանը։ «Այսօր այստեղ տեսնում եմ, որ մեր ապագան շատ պայծառ է։ ՈՒԵՖԱ-ն առավել քան երբևէ ներդրումներ է կատարում՝ ամբողջ աշխարհում աղջիկների համար ֆուտբոլով զբաղվելու նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Միայն ներդրումները, սակայն, բավարար չեն. նախևառաջ, անհրաժեշտ են մարդիկ՝ մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ։ Իմ գլխավոր ուղերձն է՝ բաց եղեք բոլոր հնարավորությունների համար, որոնք կարող են ընձեռել ֆուտբոլն ու սպորտը։ Երբեք չգիտեք, թե դրանք ձեզ ուր կտանեն»,- նշել է Ալիսսա Լագոնիան։
GOALS Armenia-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանն անդրադարձել է հիմնադրամի տասնամյա ճանապարհին՝ ընդգծելով, որ կազմակերպության գործունեության հիմքում սպորտի միջոցով աղջիկների կյանքը փոխելու գաղափարն է։ Նրա խոսքով՝ մեկ համայնքում սկիզբ առած նախաձեռնությունն այսօր վերածվել է լայնածավալ շարժման, որի շրջանակում Հայաստանի ավելի քան 80 համայնքներում տարեկան 1000-ից ավելի աղջիկ է զբաղվում ֆուտբոլով և բասկետբոլով։
Գագաթնաժողովի ընթացքում անցկացվել են նաև պանելային քննարկումներ, ինտերակտիվ աշխատարաններ և առաջնորդների հետ հանդիպումներ: Ամփոփվել է նաև «RISE: Girls in Motion» ծրագիրը, որը 2026 թվականին սպորտի և կրթության միջոցով նպաստել է Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող աղջիկների կարողությունների զարգացմանը, ինքնավստահության ամրապնդմանը և սոցիալական ու հուզական հմտությունների ձևավորմանը։ Ծրագիրն իրականացվել է «Հովնանյան հիմնադրամի» աջակցությամբ։
Միջոցառման ընթացքում ընդգծվել է նաև պետական կառույցների, միջազգային մարզական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համագործակցության նշանակությունը՝ աղջիկների համար առավել ներառական և հավասար հնարավորություններ ստեղծելու գործում։