Օկուպացված Օլեշկիից տարհանված բնակիչներով ինքնաթիռները ժամանել են Բելառուս․ նրանց կտեղափոխեն Ուկրաինա

Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքի բնակիչներով երեք ինքնաթիռ, որոնք ցանկացել են տեղափոխվել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք, վայրէջք են կատարել Բելառուսի Գոմել քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «ԲելՏԱ» պետական գործակալությունը։


Տարհանվածները ավտոբուսներով հասել են ռուսական Անապա, որից հետո մի քանի ժամ թռչել են Բելառուս։ Այժմ նրանց պետք է տեղափոխեն «Նովայա Գուտա» սահմանային անցակետ, որով նրանք կկարողանան անցնել Ուկրաինա։


Գոմելի օդանավակայանում մարդկանց դիմավորելու համար տեղադրվել է վրանային քաղաք՝ ջեռուցվող տարածքներով, տաք սննդով և բուժկետերով։ Այնտեղ աշխատում են փրկարարներ, բժիշկներ, հոգեբաններ և կամավորներ, գրում է պետական գործակալությունը։ Տարհանվածների թվում կան երեխաներ և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդիկ։ Դուրս բերվածների հստակ թիվը դեռևս անհայտ է։


Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել էր, որ ավելի քան 750 մարդու տարհանման համար պատրաստվել է 25 ավտոբուս, շտապօգնության մեքենաներ և 50 բուժաշխատող։