Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը կկայացվի առաջիկա օրերին Կիևի քայլերի, ինչպես նաև Ռուսաստանի Ժողովրդական միասնության օրվա միջոցառումների ընթացքում ուկրաինական բանակի հնարավոր հարձակումների հաշվառմամբ։
Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝ Մոսկվան եռակողմ բանակցությունների վերսկսման վերաբերյալ իր որոշման մասին կհայտարարի նոյեմբերի 4-ին նշվող Ժողովրդական միասնության օրվանից հետո։
«Ժողովրդական միասնության օրը մեր տոնն է, և մենք նշել ենք, որ եռակողմ բանակցությունների վերսկսման մասին կհայտարարենք տոնից հետո։ Ակնհայտ է, որ բանակցությունները տեղի կունենան ոչ թե ավելի վաղ, այլ միայն այդ ամսաթվից հետո»,- ընդգծել է Ուշակովը։
Նա նաև հավելել է, որ Ժողովրդական միասնության օրվա առթիվ Ռուսաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, և շեշտել, որ Մոսկվան դեռևս պաշտոնապես չի հայտարարել բանակցությունների վերսկսման մասին։