Սամվել Կարապետյանը որոշել է «ուխոդվել» ընտրակաշառքի մեղադրանքից

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել տեղական կայքերից մեկին ու մի կուշտ բողոքել։ Բնականաբար՝ իշխանությունից,  բայց նաև ընդդիմությունից, ավելի ստույգ՝ ընդդիմադիր այն ուժերից, որոնք, իր բնորոշմամբ,  «սև գործ» են արել՝ չեն համախմբվել իրենց հետ ու այսպիսով օգնել են Նիկոլ Փաշինյանին մնալ իշխանության։ Թե ում է, այսպես ասած, «նամյոկ անում» իրեն միակ «խելգլխին» ընդդիմադիր լիդերը համարող Սամվել Սարգիսիչը՝ պարզ չէ։  Փոխարենը  պարզ է մի կարևոր բան՝ Կարապետյանը մինչև հիմա չի պատկերացնում այն ենթադրյալ արարքի լրջությունը, որում մեղադրվում է ի՛ր կուսակցությունը՝ ընտրական բնույթի հանցագործություն՝ ընտրակաշառքի բաշխում։ «Սև գործ», որով նախընտրական շրջանում,  դատելով Քննչական կոմիտեի հրապարակած բազմաթիվ գաղտնալսումներից, զբաղված էր իր առաջնորդած կուսակցությունը։ Գործողություն, որի «սև» լինելը՝ հանցակազմը, նկարագրված է Քրեական օրենսգրքում։ Սամվել Կարապետյանն ակնհայտորեն մինչև հիմա չի հասկացել, որ նման հանցագործության անգամ մեկ դեպքը, անգամ մեկ քաղաքացու ձայնը կաշառքի միջոցով գնելը անթույլատրելի լինելուց զատ՝ նաև զազրելի արարք է, ընտրական գործընթացի օրինականության, արդարության, լեգիտիմության վրա գցված անջնջելի ստվեր, որի ծանր հետևանքները կրում են պետությունն ու ժողովուրդը։


Արդ, ի՞նչ է ասում քաղաքականության մեջ դեռ «չոչ անող» Կարապետյանը․ նախ ասում է՝ ընտրակաշառքի գործերով չկա դատարանի որոշում, ապա, իրեն դնելով ռետինե խողովակի տեղ, վրա է բերում՝ չկա ընտրակաշառքի գեթ մեկ դեպք։  «Դուք պատկերացնում եք՝ եթե մենք գոնե մեկ ընտրակաշառք տված լինեինք․․․ Առաջին հերթին դա ընդամենը 200 դեպքի մասին է խոսքը՝ ձայնագրությունների, բայց նույնիսկ այդ 200 դեպքերն էլ մեզ չեն վերաբերում։ Իրենց սարքած ձայնագրություններն են, շատ ձայնագրություններ էլ, վստահ եմ՝ մոնտաժված։ Դա իրենց պետք էր, որ կալանավորեն մեր գործընկերներին և թաքցնեն իրենց՝ իրոք տված ընտրակաշառքները՝ ընտրաթոշակները, ընտրաապահովագրությունները»,- խելքին զոռ է տվել նորաթուխ քաղգործիչը։ Եթե Կարապետյանն իրեն իրոք «խելգլխին» մարդ է համարում ու իրոք լսել է այդ, իր ասած, «սարքած ձայնագրություններից» գոնե մեկը, ապա պետք է ավանսով ներողություն խնդրի ժողովրդից՝ սրտատրոփ սպասելով դատարան ուղարկված գործերով վճիռներին։ Ի դեպ, Հակակոռուպցիոն դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող մեկ տասնյակից ավելի քրեական գործեր։ Եթե Սամվել Կարապետյանի թիմը չի ծանոթացել այդ գործերի մանրամասներին ու չի զեկուցել նրան, ապա մենք սիրով կանենք այդ գործը՝ ցույց տալու՝ արդյոք այդ դեպքերն առնչվո՞ւմ են «ուժեղներին», թե՞ մի ամբողջ Գլխավոր դատախազություն, որն էլ հաստատել ու դատարան է ուղարկել մեղադրական եզրակացությունները, ՔԿ-ի պես զբաղված է եղել ձայնագրություններ հորինել-մոնտաժելով։


Եվ ուրեմն, Հակակոռուպցիոն դատարան օրերս ուղարկված (18-09-2026) գործերից մեկով ամբաստանյալի կարգավիճակ ունի 5 անձ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալներից մեկը՝ Արայիկ Սաֆարյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի (Դաշինք) դեռևս չպարզված անդամների հետ նախնական համաձայնությամբ Ռոբերտ Ղարիբյանին տվել է ընտրակաշառք։ Բացի դրանից, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ  Ավագյանի և այլոց հետ նախնական համաձայնությամբ Սերգեյ Զաքարյանին տվել է ընտրակաշառք, ինչպես նաև  հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրության ժամանակ ընտրությանը մասնակցելու, վերոհիշյալ դաշինքի օգտին քվեարկելու և իր շրջապատում եղած անձանց շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընդունել է Դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի և նույն կուսակցությունների դաշինքի դեռևս չպարզված անդամների 1.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու նշված խոստումը: Պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանին էլ  մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու նպատակով 2 դեպքով  ընտրակաշառք տալու համար:  


Այս գործով նախնական դատալսումները, ի դեպ, նշանակված են  2026 թվականի հոկտեմբերի 1-ին։


Եվս մեկ՝ օգոստոսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան ուղարկված գործից մեջբերում անենք, որով երկու ամբաստանյալ կա՝ Ալեքսան Ալեքսանյանն (հիշո՞ւմ եք «Ուժեղ Ալիկին», որը «Ուժեղ Հայաստան»-ի հիմնադիրն է, «Մեր ձևով» ՀԿ-ի հիմնադիրն ու գործադիր ղեկավարը) ու Նարեկ Կարապետյանն են՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին։  Ա․ Ալեքսանյանը մեղադրվում է Նարեկ Կարապետյանի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրենի ԺՊ Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ հանցանքներ կատարելու նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու ու ղեկավարելու համար։  Մասնավորապես, ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով Նարեկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ ստեղծել է իրավաբանական անձ, այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն է իրականացրել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետությանը: Բացի դրանից, հանցավոր կազմակերպության անդամներ Նարեկ Կարապետյանի, Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ միասին կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, ինչպես նաև 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է բազմաթիվ քաղաքացիների։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա
․ Ալեքսանյանի հիմնադրած վերոհիշյալ ՀԿ-ի հիմնադրման և գործունեության իրական նպատակը եղել է կանոնադրական նպատակներից չբխող՝ ԱԺ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի կողմից հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիների նյութապես շահագրգռելը, ինչպես նաև հետագայում ձևավորված նույնանուն  դաշինքի կողմից առավելագույն ձայներ հավաքելուն և հաղթանակին տարբեր եղանակներով աջակցելը, ինչի վրա էլ ծախսվել են հասարակական կազմակերպություն մուտքագրված հանցավոր ծագում ունեցող ֆինանսական միջոցները:


Եվս մեկ՝ Հակակոռուպցիոն դատարանում գտնվող գործ, որով ամբաստանվում է 5 անձ։ Մասնավորապես ամբաստանյալ Նարեկ Սիմիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ ծրագրերի համակարգման մասնագետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Վայոց ձորի մարզում աշխատանքները համակարգող, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ԱԺ ընտրությանը մասնակցելու և նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով տվել է ընտրակաշառք։ «Մի խումբ անձանց» թվում են Մոմիկ Պետրոսյանը, Վազգեն Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը, Վահան Դանուղյանը։     


Ի դեպ, Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերից մեկից պարզվեց, որ ընտրակաշառքի, այսպես ասած, «շեմը», ի համեմատ նախկին ռեժիմի ժամանակ բաժանված ընտրակաշառքի «շեմի», բարձրացվել է՝ կազմելով 100 հազար դրամ։


Ի դեպ, եթե Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող տասնյակ քրեական գործերից գեթ մեկով ապացուցվի, որ սույն կուսակցությունը բաժանել է ընտրակաշառք, ապա ի՞նչ է անելու «խելքի օվկիան» Սամվել Կարապետյանը։  Նվազագույն ամոթ ու պատվախնդրություն ունեցողը թերևս կազդարարեր քաղաքական գործունեությունն օր առաջ դադարեցնելու, կուսակցությունը փակելու «հաղթարշավ» սկսելու մասին՝ նախքան այդ հրահանգելով  ԱԺ անցած իր խմբակցությանը վայր դնել «հարամ ճանապարհով» ձեռք գցված մանդատները։

 

Հ․ Մանուկյան