ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է Կարապետյան ընտանիքին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամի՝ 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։ Civic.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հունիսի 7-ի ընտրություններին նախորդած տարում սույն հիմնադրամը ահռելի միջոցներ է ծախսել տարատեսակ ծրագրերի ուղղությամբ։ Մասնավորապես հիմնադրամի ֆինանսական օգնության «առյուծի բաժինը» ուղղվել է (որպես «ֆինանսական օգնություն») նախորդ տարի ստեղծված «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ին՝ 1 միլիարդ 16 միլիոն 527 հազար 735 դրամ։ Թե ինչ նպատակների վրա է ծախսել ՀԿ-ն այս ահռելի գումարը՝ հայտնի չէ։ Նշենք, որ սույն ՀԿ-ի հիմնադիրն ու գործադիր ղեկավարը այժմ փողերի լվացման և հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդման ենթարկվող, կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանն է։
Ֆիզիկական անձանց (կարիքավոր,
հաշմանդամ, բուժման նպատակով), որպես ֆինանսական օգնություն, հիմնադրամը հատկացրել
է 240 միլիոն 982 հազար 354 դրամ։ Իրավաբանական անձանց էլ հատկացրել է 241 միլիոն 805 հազար 83 դրամ։ Ինչպես
ամեն տարի՝ այս տարի ևս հիմնադրամը 76 միլիոն 300 հազար դրամ ֆինանսական օգնություն է հատկացրել Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնին։ Նախորդ տարի Գյումրիում քաղաքի տոնի առթիվ կազմակերպված միջոցառման համար
էլ 42 միլիոն 44 հազար 373 դրամ է ծախսվել։
Հիմնադրամը ահռելի միջոցներ է ծախսել նաև այլ ծրագրեր իրականացնելու նպատակով՝ Սամվել
և Կարեն Կարապետյանների հայրենի Լեռնահովիտի փողոցների բարեկարգում, աջակցություն ԼՂ-ից
տեղահանվածներին։
Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը կազմել է
2 միլիարդ 841 միլիոն 378 հազար դրամ, որից 2 միլիարդ 771 միլիոն 76 հազար 770 դրամը՝
կանոնադրական նպատակների իրականացման համար։
Հիմնադրամի կառավարիչը Աշոտ Վարոսյանն
է։