«ՀՀ զինված ուժերի անցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին կպահանջի մեծ ծախսեր՝ անվտանգության անորոշ հեռանկարով». ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանի զինված ուժերի անցումը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) ստանդարտներին կլինի «երկարատև» և կպահանջի զգալի ծախսեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Սալյուկովը, փոխանցում է գերատեսչության մամուլի ծառայությունը:


«ՀՀ զինված ուժերի անցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը կպահանջի բյուջետային մեծ ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար անորոշ հեռանկարով»,- Սալյուկովի խոսքերն է մեջբերել РБК-ն։


Նրա կարծիքով՝ եվրաատլանտյան ստանդարտներին ՀՀ զինված ուժերի անցման մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունները առայժմ կրում են գերազանցապես քաղաքական բնույթ: Սալյուկովը նաև հայտարարել է, որ հայկական բանակի 90%-ը զինված է ռուսական զենքով: Նա նշել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, «Տոռ-Մ2» հակաօդային պաշտպանության համակարգերը և «Սու-30ՍՄ» կործանիչները:


Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալը մեջբերել է ռուս ռազմական տնտեսագետների գնահատականները, որոնց համաձայն՝ 2025 թվականին ՆԱՏՕ-ի երկրները մեկ զինծառայողի համար տարեկան ծախսել են մոտավորապես 493,000 դոլար, իսկ Հայաստանը՝ մոտավորապես 26,000 դոլար։ Տարբերությունը, նրա խոսքով, 19 անգամ է, և դաշինքի ստանդարտներին անցումը հայ հարկատուներից կպահանջի լրացուցիչ ծախսեր։


Սալյուկովը նաև հիշեցրել է 2025 թվականին ստորագրված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ամրագրում է եվրաատլանտյան ինստիտուտների հետ համագործակցությունը խորացնելու Երևանի կուրսը։