ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։
Այս առիթով նախ ուզում եմ անդրադառնալ նրան, ինչին նախագահ Թրամփը երկու օր առաջ հղում արեց այս ամբիոնից։ Այո՛, ասել եմ և հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության։
Նախագահ Թրամփի անձնական ներկայությունը գործնական և խորհրդանշական արտահայտություններ ունի նաև գետնի վրա։
2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Խաղաղության հռչակագրի չորրորդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
TRIPP նախագծի իրագործումն, ըստ այդմ, շոշափելի քայլերով իրականություն է դառնում։ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն առաջիկայում կվավերացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։
Հիմա մենք Միացյալ Նահանգների կառավարության հետ աշխատում ենք «TRIPP Development Company» ընկերության ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի ստորագրման վրա։
Ըստ այդմ, սկզբնական շրջանում Հայաստանը 26 տոկոս բաժնեմաս կունենա «TRIPP Development Company»-ում, իսկ ԱՄՆ-ն՝ 74 տոկոս։ Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50-րդ տարում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։
TRIPP նախագծի գործնական արտահայտություններից մեկը 2025 թվականի օգոստոսի 8-ին իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված և ԱՄՆ նախագահի կողմից՝ որպես վկա, ստորագրված Խաղաղության հռչակագրի 3-րդ կետի իրագործումը լինելու է։
Հռչակագրի 3-րդ կետում ասվում է․ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների (այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի) միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Չնայած պետք է ընդգծել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովից հետո Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, և հիմա մենք Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունենք Ադրբեջանի հետ։
TRIPP նախագծի իրագործումը Հայաստան-Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետև Հայաստանն իր հյուսիսային և հարավային շրջանների միջև երկաթուղային կապ չունի, և դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։
Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավերված երկաթուղային հատվածները, և իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։
Բայց սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը։
TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետև այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև։
Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Սա կարևոր նրբություն է, որովհետև ցույց է տալիս, թե ինչու և ինչպես է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Շուրջ 35-ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արևելքից արևմուտք երկաթուղուց բացի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը, և սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք,
Այս ամենն արտահայտում է այն լավատեսությունը, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովից հետո հաստատվել է մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը վերահաստատեցին այս տարվա հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որտեղ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։
Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։
Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։
Այս հարցերի դեռևս չլուծված լինելու հետ մեկտեղ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Կարծում եմ՝ մենք, նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին։
Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի։ Արդեն երկուսուկես տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։
Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։
Մեր խնդիրը, սակայն, պատմական այդ փորձը վերականգնելը չէ, այլ ժողովրդական այդ փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգման վրա։ Սա, ի դեպ, ճշգրիտ այն խոսույթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համաձայնեցրել և նախաստորագրել են՝ երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրում։
Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի կողմից որդեգրված հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը բխում է բազմաբևեռության տրամաբանությունից, որը Միավորված ազգերի կազմակերպության գործունեության առանցքային սկզբունքներից է։ Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության հետ։
Այսօր, ի դեպ, Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի համար առևտրային ինքնավար միջոցներ սահմանելու մասին որոշումը, ինչը Հայաստան-ԵՄ նոր որակի հարաբերությունների հերթական դրսևորումն է։
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա բնական գործընթաց է, որովհետև նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։
Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։
Մենք, իհարկե, շարունակելու ենք Հայաստանից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող մեր գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, և այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն։
Բայց չեմ կարող նաև չընդգծել, որ մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումը։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։
Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մեր մյուս երկու հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարևորություն, և մեր բարիդրացիությունը շարունակում է զարգանալ ու խորանալ։
Տարածաշրջանի կայունության և զարգացման գործում իր բաժին ներդրումը Հայաստանի Հանրապետությունը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք,
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու Հայաստանի և կենսաբազմազանության միջազգային օրակարգի համար այդ կարևորագույն միջոցառմանը։
Հարգելի տիկնայք և պարոնայք, սա էի ուզում ձեզ հետ կիսել այսօրվա իմ ելույթում։
Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»,- ասել է վարչապետը։