Որակական առումով նորընտիր խորհրդարանը չի տարբերվելու նախորդ խորհրդարանից։ Կա քաղաքական մեծամասնություն, որի լիդերը՝ Նիկոլ Փաշինյանն է վերջին առնվազն 8 տարիներին օրակարգ թելադրում, և կա ընդդիմություն, որը շարժվում է իշխանության թելադրած օրակարգով։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը գնալու խորհրդարան՝ բացի «մշտական»՝ իշխանափոխության օրակարգից, և արդյոք այդ օրակարգը թելադրվելու է արտաքի՞ն կենտրոնից։ Առաջիկայում նորից ականատեսն ենք լինելու, այսպես ասած, ջուրծեծոցիին, ինչպես նաև «թուրք», «դավաճան» խոսույթին, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին ընդդիմության նարատիվի սուտ լինելը ապացուցելուն և այսպես շարունակ՝ նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ սա ամենաթույլ ընդդիմությունն է լինելու՝ հաշվի առնելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության որակական հատկանիշները։ Նույնիսկ «Պատիվ ունեմ» դաշինքը քաղաքական իմաստով շատ ավելի մեծ կշիռ կարող էր ունենալ՝ հանձին Սերժ Սարգսյանի ազդեցության, քան որ ունի «Ուժեղ Հայաստան»-ն իր միլիարդատեր Սամվել Կարապետյանով, որն ընդամենը մի քանի ամսում հասցրեց ժողովրդին համոզել, որ ինքը քաղաքականապես անմեղսունակ է։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»-ը ընդհանուր առմամբ շատ ավելի ուժեղ թիմ է, քան «Ուժեղ Հայաստան»-ը։ Հետևապես բանավեճի առումով առաջամարտիկ լինելու է հենց Քոչարյանի թիմը»։
Ինչ վերաբերում է իշխանափոխության օրակարգին, ապա դա, ըստ Քամալյանի, ոչ թե քաղաքական օրակարգ է, այլ ինքնահաստատման ձև։ «Երբ դու որևէ օրակարգ ես ձևակերպում՝ որպես քաղաքական ուժ, ապա այն առաջ քաշելու համար հանրային աջակցություն է պետք։ Իսկ իշխանափոխության օրակարգը չի ունեցել հանրային աջակցություն։ Նույնիսկ ռադիկալ տրամադրված ընդդիմադիր շրջանակներում այդպիսի օրակարգ չի կարող լինել։ Նրանք արդեն վերցրել են մանդատները՝ ընդունելով ընտրությունների արդյունքները։ Նույնիսկ նրանց քաղաքական կուրատոր ՌԴ նախագահը, ճիշտ է՝ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, բայց եթե հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ, նշանակում է՝ ընդունում է, որ ՀՀ լեգիտիմ իշխանությունը ՔՊ-ն է, և ինքը աշխատելու է այդ իշխանության հետ։ Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշեց Քամալյանը։
Ըստ քաղաքական վերլուծաբանի՝
ՌԴ-ն ՀՀ-ում իր ազդեցության գործիչների միջոցով՝ ի դեմս նաև ԱԺ ընդդիմության, փորձելու է գեներացնել «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» օրակարգը՝
ձգտելով այդ թեմայով բողոքի որոշակի ալիք բարձրացնել երկրում։ Այդ ալիքը կլինի փողոցում,
պառլամենտում, թե այլ հարթակում՝ կարևոր չէ։ «Այն, որ ՌԴ-ն ձգտելու է դրան՝ դա միանշանակ
է։ Բայց ներկա պահին նախադրյալներ չկան այդպիսի օրակարգ գեներացնելու՝ մեծ զանգվածների
մեկ գաղափարի շուրջ համախմբելով»։
Գագիկ Քամալյանի հետ զրուցել
ենք նաև Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի
տողատակերի, տնտեսական սահմանափակումների,
ՀՀ-ի կողմից ի պատասխան արվելիք քայլերի, առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդդիմության
մասնակցության և այլ հարակից թեմաներից։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։
Հեղինե Մանուկյան