Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրանյուզ»-ի հարցերին պատասխանելով՝ չի բացառել 2027 կամ 2028 թվականին Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու հնարավորությունը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
Իսպանիայում բնակվող քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ։
Նա նշեց, որ գնալով հայ-ռուսական
հարաբերություններն էլ ավելի ճգնաժամային են դառնում, որովհետև Ռուսաստանը, ըստ ամենայնի,
Հայաստանից պահանջում է այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք առկա էին մինչև 2020 թվականը,
այսինքն՝ տոտալ վերահսկողություն Հայաստանի քաղաքական համակարգի և պետական ինստիտուտների
նկատմամբ, և Ռուսաստանը հիմա էլ ակնկալում է, որ Հայաստանի հետ պետք է ունենա նմանատիպ
հարաբերություններ։
«Հայաստանի գործող իշխանությունը
հայտարարում է, որ այլևս նախկին հարաբերություններն անհնար են, և խաղաղության հաստատումից
հետո ու ընդհանրապես՝ 2020 թվականի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները
նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել ռեգիոնում, և Հայաստանը նոր տիպի հարաբերությունների
ակնկալիք ունի Ռուսաստանից, իսկ ԵՄ անդամակցության հայտի մասին հայտարարությունը քաղաքական
հայտարարություն էր։ Իհարկե, դա չի նշանակում, որ 100 տոկոս իրագործելի է։ Փաշինյանը որոշակի առումով մանևրներ է անում այդ
ուղղությամբ, իսկ թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, կզգացվի առաջիկա 1-2 ամիսների ընթացքում»,-
ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ կարճաժամկետ առումով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է, Հայաստանը երկարատև տնային աշխատանք
ունի իրականացնելու, և նաև ռեգիոնալ քաղաքական զարգացումների հետ է մեծապես կապված
ԵՄ անդամակցության պրոցեսը, ԵՄ-Վրաստան հարաբերություններն են շատ կարևոր այս համատեքստում,
Թուրքիայի հետ սահմանի բացումը. սրանք պրոցեսներ են, որ ուղիղ ազդեցություն ունեն ԵՄ
անդամակցության նկրտումների վրա։
Հայաստանն այս պահին գտնվում
է կարևոր հանգրվանում՝ ԹՐԻՓՓ, Սահմանադրության
փոփոխություն, խաղաղության պայմանագրի ստորագրում ու վավերացում և նաև ԵՄ անդամակցություն.
հարցին, թե որքանո՞վ են այս բոլոր գործընթացները մմիմյանց հետ կապված, և հաջորդականության
առումով ո՞րն է առաջնահերթ, քաղաքագետն ասաց, որ առաջնահերթ է համարում ԹՐԻՓՓ նախագծի
շահագործումը և խաղաղության հաստատումը ռեգիոնում։
«Սա ամենակարևոր, ֆունդամենտալ
հարցն է, և դրա համար է Ռուսաստանը թիրախավորում հենց ԹՐԻՓՓ նախագիծը, որովհետև դա
Հայաստանին տալիս է հնարավորություն նաև դեպի ԵՄ ավելի կոնկրետ քայլեր անելու, որովհետև
ԹՐԻՓՓ նախագիծը բարձրացնում է Հայաստանի դիմադրողականությունը, քաղաքական կշիռը, և
Հայաստանն արդեն կարող է ԵՄ հայտ ներկայացնելու համար ունենալ քաղաքական կշիռ»,- նշեց
քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան