Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ երկու երիտասարդ Ֆանարջյան փողոցից Լեփսիուսի փողոց տանող հատվածում թմրամիջոց են տեղադրում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված վայր։ Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները դիմել են փախուստի, իսկ նրանցից մեկն այդ ընթացքում գրպանից փաթեթներ է նետել։
Համայնքային ոստիկանները նրանց հետապնդել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը։
Պարզվել է, որ Երևանի բնակիչ 19-ամյա և 20-ամյա երիտասարդները 250 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով 20 փաթեթ մարիխուանա տեսակի թմրամիջոց են ձեռք են բերել, որը պատրաստվում էին տեղադրել, ինչը, սակայն, չի հաջողվել։
Փաթեթների մի մասը հայտնաբերվել է 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ, իսկ մնացածը՝ Ֆանարջյան փողոցի այն հատվածում, ուր փախչելու ընթացքում նետել էր 19-ամյա երիտասարդը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները կալանավորվել են։