Ֆրանսիայում անտառային հրդեհների գործով 32 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում ամառվա սկզբից ի վեր 22 դեպարտամենտներում ձերբակալվել է հրկիզումների մեջ կասկածվող 32 մարդ։ Այս մասին երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է X սոցիալական ցանցում։


«Այս անընդունելի վարքագիծը, որն իրենից ենթադրում է աղետալի հետևանքներ և ստիպում է մեր հրշեջներին ռիսկի ենթարկել իրենց կյանքը, այժմ գտնվում է դատական համակարգի իրավասության ներքո»,- հավելել է նա՝ ժանդարմերիային կոչ անելով վճռական գործողությունների դիմել։


Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես արտահայտվել է անտառային հրդեհների վերաբերյալ՝ նշելով, որ երկրում անտառային հրդեհների 10 դեպքից 9-ը կապված է մարդկային գործոնի հետ։


«Հրդեհների բռնկման 10 դեպքից 9-ը տեղի է ունեցել մարդու գործունեության հետևանքով։ Մեկ վայրկյան անուշադրությունը կարող է սպառնալ ընտանիքներին, վտանգի ենթարկել նրանց, ովքեր պաշտպանում են մեզ, և ոչնչացնել մեր բնությունը։ Յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է կրում։ Եկեք լինենք զգոն»,- նշել է Մակրոնը։


Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ ներկայումս երկրի տարածքում մոլեգնում է շուրջ 20 հրդեհ։


Նշենք, որ այսօր երկրի օդերևութաբանական ծառայությունը ծայրահեղ շոգի պատճառով վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել 24 դեպարտամենտներում, իսկ նարնջագույն՝ 59-ում։ Բացի այդ, մոտ 16 դեպարտամենտներ գտնվում են անտառային հրդեհների բռնկման բարձր ռիսկի գոտում։