Կանադայի կառավարության կայքում հրապարակվել է G7-ի արագ արձագանքման մեխանիզմի (RRM) զեկույցը Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեղ մոնիթորինգի մասին։
Հաշվետու ժամանակահատվածը՝ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 10-ը։ Զեկույցի համաձայն՝ ընտրություններին նախորդած ամիսներին Հայաստանի տեղեկատվական միջավայրը պարբերաբար թիրախավորվել է Ռուսաստանի հետ կապված և պետության կողմից ֆինանսավորվող տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության (FIMI) գործողություններով։
Մեծ հավանականությամբ՝ մանիպուլյացիայի ցանցերը և չարամիտ դերակատարները փորձել են վարկաբեկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ տարածելով լայնածավալ ընտրակեղծիքների և ԵՄ-ի կողմից օտարերկրյա միջամտության մասին պնդումներ, ինչպես նաև ներկայացնելով Ռուսաստանը որպես Հայաստանի ավելի լավ դաշնակից։
Զեկույցում նշվում է ավելի քան 174 նյութ, որոնք կապված են Storm-1516, Operation Overload և Portal Kombat ցանցերի հետ։ Դրանց մեծ մասում Փաշինյանը ներկայացվում է որպես կոռումպացված գործիչ, իսկ Ռուսաստանը՝ որպես անվտանգության միակ հուսալի երաշխավոր։ Նյութերը ներառում են կեղծված պաշտոնական հայտարարություններ, կեղծ հետաքննություններ, համատեքստից կտրված և արհեստական բանականությամբ ստեղծված կամ մանիպուլացված տեսանյութեր, ինչպես նաև կեղծ թերթային շապիկներ։
Սկզբնական տարածումը հիմնականում եղել է X-ում և Telegram-ում, իսկ ակտիվացում է գրանցվել նաև TikTok-ում, Facebook-ում, Bluesky-ում և Instagram-ում։