Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։


Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Օր, որը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը և այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում: Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաև հասարակության առաջընթացի և բարեկեցության հիմքը: Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը:


 

Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված և խրախուսված են, քան մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր: Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլևս անելիքներ չունենք: Մենք պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք և իրական արժեք:


 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:


 

Կրկին շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին այս տոնի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ նոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին»։