Երևանում կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող մշակութային միջավայր. որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Կասկադ համալիրի` «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Կասկադ համալիրի ավարտուն կառուցապատումը նպատակ ունի կյանքի կոչել Ալեքսանդր Թամանյանի և Ջիմ Թորոսյանի ճարտարապետական մտահղացումը՝ ապահովելով Երևանի կենտրոնի և հյուսիսային հատվածի ամբողջական, ֆունկցիոնալ ու մշակութային կապը։ Ծրագրի իրականացմամբ կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող բազմաֆունկցիոնալ մշակութային միջավայր, որը կբարելավի քաղաքի ճարտարապետական կերպարը և կստեղծի նոր հանրային ու մշակութային հնարավորություններ։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ապահովել «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի և ներդրումային ծրագրի իրականացումը՝ համալիրին հաղորդելով ամբողջական, ֆունկցիոնալ և ավարտուն տեսք։


Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակովի և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» որոշում։ Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «Դիթի քոնսթրաքշն» և «Դիթի դևելոփմենթ» ՓԲԸ-ները, որոնց հետ կնքված պայմանագրի համաձայն վերջիններս հանդիսանալու են օտարման գոտում գտնվող սեփականության և այլ գույքային իրավունքներով ծանրաբեռնված գույքի ձեռք բերող և ծրագրի օպերատոր։