«Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի

Քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու համար («Պատիվ ունեմ» ծրագիր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:


Ըստ հիմնավորման՝ ծրագրով տարկետման իրավունք են ստանում ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր հավաքած այն քաղաքացիները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը, ինչպես նաև բուհ ընդունված այն քաղաքացիները, ովքեր հավաքել են ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը:


Վերջին հինգ տարիների «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնելու համար դիմում ներկայացրած անձանց քանակական վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ աստիճանաբար տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողների թվի նվազում, որը մեծապես պայմանավորված է դիմումատուների կողմից անհրաժեշտ միավորները չհավաքելու հանգամանքով, ընդ որում, մեծ թիվ են կազմում 60-ից մինչև 75 տոկոս միջակայքով միավոր հավաքածները:


Այդ նպատակով՝ որոշմամբ նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով: