Իրաքում կործանվել է ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռ

Իրաքի արևմուտքում կործանվել է ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Զինվորականների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել «բարեկամական օդային տարածքում»՝ Իրանի դեմ «Էպիկական զայրույթ» գործողության ժամանակ։


«Միջադեպին մասնակցել են երկու ինքնաթիռ։ Մեկը կործանվել է Իրաքի արևմուտքում, իսկ մյուսը բարեհաջող վայրէջք է կատարել։ Սա թշնամական կամ բարեկամական կրակի պատճառով չի եղել»,- ասվում է ԱՄՆ հրամանատարության հաղորդագրության մեջ։


Թե անձնակազմի որքան անդամ է եղել ինքնաթիռում, ինչպես նաև նրանց վիճակի մասին հրամանատարությունը չի հայտնել:


«Իրաքում իսլամական դիմադրություն» իրանամետ խմբավորումը հայտարարել է, որ ինքն է խոցել ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռը։ Խմբավորման հաղորդագրության մեջ, որը մեջբերել է Reuters-ը, ասվում է, որ ինքնաթիռը խոցվել է «ի պաշտպանություն մեր երկրի ինքնիշխանության և օդային տարածքի»։


Reuters-ի տվյալներով՝ «միջադեպին» մասնակցած երկրորդ ինքնաթիռը նույնպես KC-135 էր։ Գործակալությունը հաղորդում է, որ կործանված ինքնաթիռում եղել է «մինչև վեց զինծառայող»։