Ինչո՞ւ Իրանի նոր գերագույն առաջնորդը չի հայտնվում հանրության մեջ. NYT

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պատերազմի առաջին իսկ օրը ոտքից վիրավորվել է և մասնավորապես այդ պատճառով չի հայտնվել հանրության մեջ կամ որևէ հայտարարություն չի արել իր ընտրվելուց ի վեր, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրանական երեք աղբյուրների։


NYT-ի աղբյուրների խոսքով՝ Խամենեիի վիրավորվելու մասին իրենց հայտնել են «կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ»: Նրանք պնդում են, որ նոր գերագույն առաջնորդի գիտակցությունը տեղն է, և նա ապաստան է գտել սահմանափակ կապի միջոցներով հատուկ պահպանվող վայրում։


Իրանում հերքում են Խամենեիի վիրավորվելու մասին լուրը։ Իսլամական Հանրապետության նախագահի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը, հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդը առողջ է։ «Ես լսել եմ նորությունը, թե պարոն Մոջթաբան վիրավորում է ստացել։ Ես հարցրել եմ ընկերներին, որոնք նրա հետ կապի մեջ են։ Նրանք ասել են, որ Աստծու ողորմածությամբ նա առողջ է, և որևէ խնդիր չկա»,- գրել է նա իր Telegram-ալիքում մարտի 10-ին։