ԻՀՊԿ-ն հայտարարել է հակամարտության ընթացքում «ամենահզոր» հարվածների ալիքի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր իրականացրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ «ամենահզոր» հարվածների ալիքը։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռարձակողը։


Հաղորդագրության համաձայն՝ «Իսկական խոստում 4» գործողության 37-րդ ալիքը դարձել է պատերազմի սկզբից ի վեր «ամենահզորը և ամենաահռելին»։


Իրանի պետական հեռուստատեսությունը, հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը, հայտնում է, որ հարվածների ընթացքում երկրորդ անգամ թիրախավորվել է Թել Ավիվի հարավում գտնվող արբանյակային կապի կենտրոնը։


Բացի այդ, հարվածներ են հասցվել Բեեր Յակովի, Արևմտյան Երուսաղեմի և Հայֆայի ռազմական կենտրոններին։ Հայտարարության համաձայն՝ թիրախավորվել են նաև Էրբիլում և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ 5-րդ ամերիկյան ռազմածովային բազան։