Զելենսկին հույս ունի հակամարտությունը կարգավորել մեկ տարուց էլ քիչ ժամկետում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ երկրում հակամարտության կարգավորմանը հնարավոր կլինի հասնել մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 4-ին ֆրանսիական France 2 հեռուստաալիքի եթերում։


«Ես հույս ունեմ, որ խաղաղության կհասնենք մեկ տարուց էլ քիչ ժամկետում», — ասել է նա։


Միևնույն ժամանակ, հարցազրույցի ընթացքում Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում պարտության դեպքում Ուկրաինան կարող է կորցնել իր անկախությունը։


Ամերիկյան կողմը նույնպես լավատեսություն է հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ. Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատմական է համարում հունվարի վերջին Աբու Դաբիում կայացած Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։


Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը հույսը չի կորցնում ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում։