Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել

Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահների ներկայությամբ ստորագրվել են երկկողմ համագործակցության կարևոր փաստաթղթեր, որոնք ընդգրկում են էներգետիկ և ռազմական ոլորտները։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։


Ստորագրվել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը պատկանող «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ի ոչ վերահսկիչ բաժնեմասի վաճառքի պայմանագիրը։ Գնորդը XRG ընկերությունն է, որը հանդիսանում է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) ներդրումային ստորաբաժանումը։


Սա նշանակում է ԱՄԷ-ի ուղղակի ներգրավվածություն ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող ենթակառուցվածքների կառավարման և ֆինանսավորման մեջ։


Այցի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է նաև մտադրությունների նամակ՝ պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագրի վերաբերյալ։ 


Փաստաթուղթը հիմք է նախապատրաստում ռազմական տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ վարժանքների կամ ռազմատեխնիկական գնումների համար։