Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների

Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերում Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գերմանացի լրագրող Պաուլ Ռոնցհայմերին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։


Նրա խոսքով՝ Մոսկվան ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին համարում է հակամարտության կողմ և նրանց դեմ կիրառում է հիբրիդային մեթոդներ։

 

«Ռուսաստանը ամբողջ ՆԱՏՕ-ն համարում է հակամարտության կողմ և նույնիսկ բոլորիս հայտարարում է օրինական թիրախներ։ Այժմ նա մեր դեմ գործում է ոչ թե սովորական ռազմական միջոցներով, այլ հիբրիդային մեթոդներով՝ կիբեռհարձակումների և այլ եղանակների միջոցով»,- հայտարարել է Պետր Պավելը։


Չեխիայի նախագահը նշել է, որ բանակցություններ սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ է հասնել ընդհանուր համաձայնության՝ քննարկումներին կողմերի պատրաստակամության վերաբերյալ։


Պավելը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ առնվազն վեց անգամ առաջարկել է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության միջև։


Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին հանդես է եկել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ՝ առանց Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցության։