Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները։  Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հաշվի առնելով հուշարձանի աշխարհագրական բարդ դիրքը, դեպի ամրոց տանող դժվարանցանելի ճանապարհը, ինչպես նաև տեղանքի ընձեռած մարտահրավերները՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ և մասնագիտական խմբի մասնակցությամբ Պռոշաբերդ ամրոցի տարածքում իրականացվել են տեղանքի ուսումնասիրման, զննման մի շարք այցեր, որոնց ընթացքում մանրակրկիտ գնահատվել են հուշարձանի պահպանվածության վիճակը, աշխատանքների արդյունավետ իրականացման հնարավորությունները:


Արդյունքում որոշում է կայացվել սկսել ամրոցի պեղման առաջին փուլի աշխատանքները, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։


Պեղման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հուշարձանի շուրջ 1․5 հա տարածքի բուսածածկույթից մաքրում, հատակագծի ճշգրտում, ինչպես նաև մուտքի հատվածում և տեսանելի սենյակների ու շինությունների տարածքում թափված քարերի հավաքում և տարածքի մաքրում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է մշակել ամրոցի պարսպաշարերի վերականգնման և ամրակայման նախագիծ։


Պեղումների ավարտին՝ համալիր ուսումնասիրություններից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով նախատեսվում է իրականացնել հուշարձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներ:


Կա ենթադրություն, որ Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը վերակառուցվել է Պռոշ իշխանի նախաձեռնությամբ։ Ամրոցի հատակագիծը՝ յոթանիստ բազմանկյուն է հիշեցնում։Մինչև օրս պահպանվել են ամրոցի պարիսպները և բուրգերը։ Պահպանված պարսպապատերի միջին բարձրությունը արտաքինից մոտ 6-7 մետր է։


Ամրոցի բոլոր կառույցները պատրաստված են մոխրագույն բազալտից։ Պռոշաբերդի արևմտյան կողմում՝ հարթավայրի վրա նկատելի են հին բնակատեղիի հետքերը, որոնք հավանաբար կարող են լինել Բոլորաբերդ գյուղի ավերակները։


Հնագիտական պեղումները նոր բացահայտումներ են խոստանում ամրոցի հնագույն անցյալի պատմության և կառուցվածքի առանձնահատկությունների մասին, որոնք նոր լույս կսփռեն հայ միջնադարյան ամրոցաշինության վերաբերյալ։