«Մենք ունենք կարմիր գծեր». Կոպենհագենը պատասխանել է Գրենլանդիայի հարցում Թրամփի հավակնություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա իրականացնել Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերը՝ ճնշում գործադրելով Դանիայի և Եվրոպայի այլ երկրների վրա։ Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։


«Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել։ Դուք չեք կարողանա ձեռք բերել Գրենլանդիայի սեփականության իրավունքը սպառնալիքների միջոցով։ Դուք ունեք ցանկություն, դուք ունեք տեսլական, դուք ունեք խնդրանք, բայց դուք երբեք չեք հասնի դրան՝ մեզ վրա ճնշում գործադրելով»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։


Դիվանագետը միաժամանակ պարզաբանել է, որ Գրենլանդիայում Դանիայի ռազմական ներկայության ուժեղացումն ուղղված է անվտանգության ոլորտի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նախագահ Դոնալդ Թրամփին սադրելուն։


Նրա խոսքով՝ Կոպենհագենը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնի հետ անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, ներառյալ՝ Գրենլանդիայի հարցով աշխատանքային խմբի ստեղծմանը։