Եվրոպական երկընտրանք. կորցնե՞լ Գրենլանդիան, թե՞ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները․ Politico

Եվրամիության երկրների ներկայացուցիչները խուսափում են ակտիվորեն քննադատել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները, քանի որ վախենում են բարկացնել նախագահ Դոնալդ Թրամփին։ Վերջինիս դերը եվրոպացիները համարում են առանցքային՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։


Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Ուկրաինան հույս ունի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ավարտին հասցնել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագրերի աշխատանքը։


«Գլխավոր պատճառը, թե ինչու եվրոպացիները չեն ցանկանում հրապարակավ ագրեսիվ գործել, այն է, որ նրանք Թրամփի աջակցությունը կենսական են համարում Ուկրաինային գործուն անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար՝ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության գործարքի շրջանակներում», — նշված է հրապարակման մեջ։



Հունվարի 6-ին Փարիզում տեղի է ունեցել բարձր մակարդակի հանդիպում, որին մասնակցել են Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսա Ջարեդ Կուշները։ Հանդիպման արդյունքներով՝ Կողմերը պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի երկարաժամկետ ռազմական աջակցությունը։ Ստորագրվել է հռչակագիր՝ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում Ուկրաինայում զորքեր տեղակայելու մտադրության մասին։


Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կատեգորիկ անընդունելի է և հղի է կտրուկ էսկալացիայով։ Մոսկվան նման հայտարարությունները որակում է որպես սադրանք՝ ուղղված մարտական գործողությունների շարունակմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կիևի որոշումների կայացման տարածքը կրճատվում է ռուսական զորքերի հարձակման ֆոնին, և սա Կիևի վարչակարգին խաղաղ լուծման «պարտադրում» է, քանի որ դիմադրության շարունակումը «անիմաստ է և վտանգավոր»։