Ռուսաստանը Հարավային Կովկասում «հաջող օպերացիաներ է իրականացնում» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, սակայն մեղադրում է Հայաստանին՝ «ՆԱՏՕ-ի անդամ երկիր բերելու» և ԱՄՆ-ի հետ զորավարժության համար
Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետհամատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս: Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Որտեղ էլ հայտնվել են ամերիկացիները, գիտեք՝ նրանք հարյուրավոր բազաներ ունեն աշխարհով մեկ, դա լավ բանի չի հանգեցրել», - Նյու Դելիում ասուլիսին ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հավանաբար ՌԴ ԱԳ նախարարը մոռացել է, որ Թուրքիան ևս ՆԱՏՕ անդամ երկիր է, ընդ որում՝ շատ առանցքային անդամ։ Հավանաբար կարիք կա պարոն նախարարին հիշեցնելու նաև, որ այդ իրենք են օգնելԹուրքիային տարածաշրջանում ավելի լուրջ գործոն դառնալ։ Եթե Լավրովը չի հավատում մեր ասածին, կարող է հարցնել իր գործընկեր՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին, ով հրապարակային հայտարարել է, որ 2020-ին Կովկասում Թուրքիայի հետ հաջող օպերացիա իրականացրին՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ 

Հիմա հանկարծ պարզվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր տարածաշրջան Հայաստա՞նն է բերում։ Ընդ որում՝ սա հայ-ամերիկյան առաջին զորավարժությունը չէ: Նմանօրինակ զորավարժություններ՝ խաղաղապահներին պատրաստելու, էլի են անցկացվել։
«Այս որոշումը հատկապես տարօրինակ է այն դեպքում, որ երկու տարի է՝ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի վարժանքներին՝ բացատրելով դա, որ եթե դաշինքը դատապարտի Ադրբեջանին, նոր միայն Հայաստանը կաշխատի ՀԱԿՊ-ում: Ես իսկապես հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջև, և մենք դրանք կարևորում ենք, դեռ ուժի մեջ կմտնեն և կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ինչ խոսք, մենք ևս հուսով ենք, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք ստանձնել են Հայաստանն ու Ռուսաստանը, կմտնեն ուժի մեջ, և Ռուսաստանը կկատարի երկկողմ ձևաչափով իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ունեցած պարտավորությունները։ Բայց տարօրինակ է Լավրովի զարմանքը, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցել։ Լավրովին ևս մեկ հիշեցում ունենք. ՀԱՊԿ-ը ռազմական միավորում է և հստակ ստանձնածպարտավորություններ ունի, ու դրա մեջմտնում է ոչ թե գալզորավարժություններ անցկացնելը, այլ անդամ երկրի տարածքի վրա հարձակումների դեպքում հստակ արձագանքը, որը, սակայն, տեղի չի ունցել։ Հայաստանը բազմիցս դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ երկկողմ ձևաչափով ստանձնած պարտավորությունները կատարելու խնդրանքով, սակայն պատշաճ արձագանք չի ստացել ո՛չ կառույցից, ո՛չ Ռուսաստանից։ Անգամ քաղաքական գնահատական չի հնչել։ Ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը չեն արձանագրել, որ եղել է հարձակում դաշնակցի՝ ՀԱՊԿ անդամ երկրի տարածքի վրա։ Ավելին՝ նրանք առաջ են տարել ադրբեջանական թեզը, թե սահմանները պայմանական են, դեմարկացված չեն, և դեռ պետք է պարզել՝ արդյոք Ադրբեջանը օկուպացրե՞լ է Հայաստանի տարածքները, թե՞ ոչ։ 
 
Վովա Հակոբյան