Սերգեյ Լավրովի պնդումը, թե ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն է հանձնել Ղարաբաղը՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ
ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի` սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում արված պնդումը այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

Որևիցե հղում նոյեմբերի 9-ի հայտարարությանը չկա և չի եղել, ինչի վերաբերյալ համացանցում գոյություն ունի համապատասխան տեսանյութ:

Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին այնուամենայնիվ կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև որպես երաշխավոր հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը:

Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿ