Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ները՝ ԼՂ նախագահի ընտրության մասին
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԼՂ նոր նախագահի ընտրությունները: 

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ փաստը «Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում հակաիրավական իրավիճակը լեգիտիմացնելու փորձերի ևս մեկ ցուցիչ է, ինչպես նաև բացահայտ խախտում ԵԱՀԿ սկզբունքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»։

«Ընտրությունները, որոնք անցկացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները շարունակելու փորձերի ժամանակ, խաղաղության գործընթացին վնաս հասցնելու փորձ են, և մենք դատապարտում ենք դրանք»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի  արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս անդրադարձել է ԼՂ նախագահի ընտրություններին՝ մասնավորապես նշելով. «Այսպես կոչված, ընտրությունների անցկացումը կրկին ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած անջատողական ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկում ստատուս քվոն պահպանելու և օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, այնքան էլ շահագրգռված չեն խաղաղության գործընթացով, այլ հակառակը՝ բռնել են սադրանքների և իրավիճակի սրման ճանապարհը»։