Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հաջորդ երկու շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համաձայնեցման համար Վաշինգտոնում անցկացված խաղաղության բանակցություններից հետո։ Այս մասին Ֆրանսիայի նախագահն ասել է LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հաջորդ 15
օրերը մեզ համար բացարձակապես ծայրահեղ կարևոր են, որպեսզի ամերիկացիների հետ
աշխատանքն ավարտվի, և անվտանգության այդ երաշխիքներին բովանդակություն տրվի»,-
նշել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպումներից և Դոնալդ Թրամփի ու
Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցություններից հետո դաշնակիցները
պատրաստ են աշխատել անվտանգության նոր ձևաչափերի վրա։
«Վերջին օրերի մեծ փոփոխությունն այն է, որ նախագահ Թրամփը ճանաչել է
Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը»,- հավելել է
Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ գործընկեր երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան,
Գերմանիան և Թուրքիան, պատրաստ են անցկացնել «հանդարտեցնող գործողություններ
օդում, ծովում և ցամաքում», բայց ոչ առաջնագծում։
Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ պետք չէ լինել չափազանց շտապողական և
Կրեմլի դիրքորոշման վերաբերյալ չունենալ պատրանքներ։ Մակրոնը շեշտել է, որ ապագա
համաձայնագիրը պետք է ապահովի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում
և զսպում նոր ագրեսիայից։