«Պատերազմը պետք է ավարտվի. «Կանգ առ»-ը պետք է լսի հենց Մոսկվան». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բացարձակապես ցուցադրական և ցինիկ» է անվանել Ռուսաստանի հարվածները Խարկովի, Զապորոժիեի և երկրի այլ հատվածներում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։


Telegram ալիքում արված գրառման մեջ Զելենսկին հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ հարվածները հասցվել են այն օրը, երբ ինքը և եվրոպական երկրների առաջնորդները Սպիտակ տանը հանդիպում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


«Բոլորն ուզում են արժանապատիվ խաղաղություն և իսկական անվտանգություն»,- գրել է Զելենսկին՝ ընդգծելով, որ հենց այս պահին ռուսները հարվածներ են հասցնում Ուկրաինայի ուղղությամբ։


«Պուտինը ցուցադրաբար կսպանի, որպեսզի հետագայում ևս ճնշում գործադրի Ուկրաինայի, Եվրոպայի վրա և նսեմացնի դիվանագիտական ջանքերը»,- կարծում է Ուկրաինայի նախագահը։


«Հենց դրա համար մենք այդքան սպասում ենք օգնության սպանությունները դադարեցնելու հարցում։ Հենց դրա համար անհրաժեշտ են հուսալի անվտանգության երաշխիքներ։ Հենց դրա համար Ռուսաստանը չպետք է որևէ պարգև ստանա այս պատերազմի համար։ Պատերազմը պետք է ավարտվի։ Եվ «կանգ առ»-ը» պետք է լսի հենց Մոսկվան»,- գրել է Զելենսկին։


 

Նա նաև հատուկ նշել է օգոստոսի լույս 18-ի գիշերը ռուսական հարվածը Օդեսայում ադրբեջանական նավթաբազայի վրա՝ այն անվանելով «հարված մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը»։