Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունը

Եվրամիության առաջնորդները հայտարարություն են տարածել Ուկրաինայի հարցով, որում մասնավորապես նշել են, որ ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դադարեցմանը և Ուկրաինայի համար անվտանգության ու արդարացի և տևական խաղաղության ապահովմանը:


«Արդարացի և երկարատև խաղաղությունը, որը ապահովում է կայունություն և անվտանգություն, պետք է հարգի միջազգային իրավունքը, ներառյալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները և այն, որ միջազգային սահմանները չեն կարող փոխվել ուժով։


Ուկրաինայի ժողովուրդը պետք է ունենա իր ապագան որոշելու ազատություն։ Ուկրաինայում խաղաղության տանող ուղին չի կարող որոշվել առանց Ուկրաինայի մասնակցության։ Կառուցողական բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների նվազեցման պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։


Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ ավելի լայն հետևանքներ ունի եվրոպական և միջազգային անվտանգության համար, ասվում է ԵՄ առաջնորդների հայտարարության մեջ. «Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը։

 

Եվրամիությունը, Միացյալ Նահանգների և այլ համախոհ գործընկերների համակարգմամբ, կշարունակի Ուկրաինային տրամադրել քաղաքական, ֆինանսական, տնտեսական, մարդասիրական, ռազմական և դիվանագիտական աջակցություն ինքնապաշտպանության իր անբաժանելի իրավունքի իրականացման գործընթացում։ Այն նաև կշարունակի աջակցել և կիրառել սահմանափակող միջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ»։


Եվրոպական Միություն
ն ընդգծել է սեփական ճակատագիրը ընտրելու Ուկրաինայի անքակտելի իրավունքը և Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին աջակցությունը։