Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը, ինչի մասին նա կհայտարարի այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Հավատարիմ մնալով Մերձավոր
Արևելքում արդարացի և երկարատև խաղաղությանն իմ պատմական հանձնառությանը՝ ես որոշում եմ կայացրել Պաղեստին պետությունը Ֆրանսիայի
կողմից ճանաչելու մասին։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այդ մասին ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Այժմ առաջին հերթին անհրաժեշտ է
դադարեցնել պատերազմը Գազայում ու օգնություն ցուցաբերել քաղաքացիական
բնակչությանը»,- հայտնել է նա։
Մակրոնի համոզմամբ՝ հնարավոր է հաստատել խաղաղություն, և դրա համար անհրաժեշտ
է կրակի անհապաղ դադարեցում, բոլոր պատանդների ազատ արձակում և լայնածավալ
հումանիտար օգնություն Գազայի բնակչությանը. «Անհրաժեշտ է նաև ապահովել ՀԱՄԱՍ-ի
ապառազմականացումը, Գազայի անվտանգությունը և վերականգնումը: Վերջապես, անհրաժեշտ
է կառուցել Պաղեստին պետությունը, ապահովել դրա կենսունակությունը և,
ապառազմականացման և Իսրայելի լիակատար ճանաչման դիմաց, թույլ տալ նրան ներդրում
ունենալ Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգությանը»:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այլընտրանք չկա. «Ֆրանսիացիները
խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում: Դա մեր պարտքն է, մեր՝
ֆրանսիացիների, իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային
գործընկերների հետ համատեղ ապացուցել, որ դա հնարավոր է։
Հաշվի առնելով պարտավորությունները, որոնք Պաղեստինի
ինքնավարության նախագահը ստանձնել է իմ առջև, ես նրան գրել եմ առաջ շարժվելու իմ
վճռականության մասին։
Վստահություն, հստակություն և հանձնառություն: Մենք
կհասնենք խաղաղության»։