«Հույս ունենք՝ միջազգային իրազեկվածության բարձրացումը նոր շունչ կհաղորդի գործընթացին, և այլ երկրներ նույնպես կմիանան նախաձեռնությանը»․ Վարդան Սարգսյանը՝ Կոռնիձորում բացված հումանիտար կենտրոնի մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ֆրանսիայից դեպի Արցախ ուղարկված հումանիտար բեռները հասել են Կոռնիձոր: Հայաստան է ժամանել նաև Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որն ուղեկցում է Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը:
Հումանիտար օգնությունը հատկացրել են՝ Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց, որ Կոռնիձորում այսօր բացվում է հումանիտար օգնության կայան. «Այս կայանը, որում մենք գտնվում ենք այսօր, նախատեսված է միջազգային գործընկերների կողմից օգնությանը միանալու համար, և օտարերկրյա լրատվամիջոցների ու հյուրերի համար՝ որպես կայանման վայր»:
Սարգսյանը նշեց, որ հումանիտար բեռների հետ կապված տեղեկատվություն կտրամադրվի մի քանի ժամ անց մամուլի ասուլիսի ժամանակ:
Վարդան Սարգսյանի խոսքով՝ իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ. «Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, և այլ քաղաքներ, այլ երկրներ նույնպես կմիանան այս նախաձեռնությանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության կողմից ուղարկված մոտ 400 տոննա հումանիտար բեռները արդեն մի քանի շաբաթ է գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում, քանի որ Ադրբեջանը չի թույլատրում դրանց մուտքը Արցախ:
Դավիթ Լևոնյան