ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է 15 տարի առաջ Վրաստանում զարգացած իրադարձությունների իր տարբերակը: Ոչ մի պատերազմ չէր լինի, «եթե չլիներ Սաակաշվիլիի և նրան աջակցողների հանցավոր պահվածքը», ասվում է ռուսական լրատվամիջոցների հրապարակած հոդվածում։ Դմիտրի Մեդվեդևը պնդում է, որ Վրաստանի նախկին նախագահը «Արևմուտքի համար իդեալական «ձեռնոց» է եղել, որով, չթողնելով սեփական մատների հետքերը, կարելի էր անպատիժ կերպով ցանկացած ստորություն անել»։
«Վերջապես Արևմուտքը պետք է ևս մեկ կարևոր, բայց անհրաժեշտ դաս քաղի: 2008 թվականին մենք կասեցրինք Թբիլիսիի վրա հարձակումը, երբ մեզ հաջողվեց վերացնել առաջացած սպառնալիքները, և հասանք անվտանգության երաշխիքների։ Բայց հիմա իրավիճակը կրկին ակտիվորեն սրվում է, ըստ երևույթին որպեսզի ի հավելումն ուկրաինական թևի՝ մեր սահմանների մոտ ևս մեկ լարվածության օջախ ստեղծվի։ Կրկին խոսվում է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին։ Կարծես պատվերով՝ այս երկրում սկսվեցին ռուսաֆոբիայի պոռթկումներ»,- գրել է Մեդվեդևը և հավելել, որ Մոսկվան կարիք չունի 2008 թվականի պատմության կրկնության, Կրեմլը պատրաստ է հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ոգով։
«Բայց եթե մեր մտահոգությունն իրական ուրվագծեր ստանա, չենք հապաղի։ Աբխազիայում և Հարավային Օսիայում դեռևս ընդունելի է Ռուսաստանին միանալու գաղափարը։ Եվ դա միանգամայն կարող է իրականացվել, եթե դրա համար առաջանան ծանրակշիռ պատճառներ։ Արևմուտքի համար իրադարձությունների այսպիսի շրջադարձը կլինի հերթական ամոթալի ֆիասկո և ազդեցության աղետալի կորստի ևս մեկ խորհրդանիշ: Իսկ պատմությունը խստորեն պատժում է բոլոր նրանց, ովքեր արհամարհում են նրա դասերը»,- ասել է Մեդվեդևը։